ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

Տրամադրելով «Ավրորա» դրամաշնորհներ՝ աջակցելով կրթական նախագծերին և պահպանելով հայկական ժառանգությունը, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգել իրենց նախնիներին փրկողների հիշատակը՝ բարձրացնելով հանրային իրազեկությունը մարդասիրական ջանքերի և հայոց պատմության վերաբերյալ:

2015-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2021 Թ.-Ի ԱՊՐԻԼՆ ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 7․8 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ 3․9 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ 1․9 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ՝ 2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Կրթական նախագծերից են Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը   (գիտահետազոտական դրամաշնորհներ), որն օժանդակում է XX դարի հայոց պատմությունն ուսումնասիրող երիտասարդ գիտնականներին, ինչպես նաեւ «Երիտասարդական Ավրորան», որը խրախուսում է ուսանողական ծրագրերը, որոնք կայուն լուծումներ են առաջարկում մարդասիրական խնդիրների համար: «Ավրորայի» տրամադրած կրթաթոշակները հնարավորություն են տվել ռիսկային եւ խոցելի խմբերի 62 երիտասարդների սովորելու  «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագիրն ունի անհատական կրթաթոշակներ՝ Լամիյա Հաջի Բաշարի (տրվել է եզդի ուսանողների), Ամալ Քլունիի (տրվել է լիբանանցի աղջիկ ուսանողի, որն ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում) եւ Շառլ Ազնավուրի անվան (նախատեսված Ֆրանսիայի կամ ֆրանսախոս երկրների ուսանողների համար):

«Ավրորա» դրամաշնորհներ ծրագիրն օգնում է բարձրացնել իրազեկությունը մարդասիրական գործունեության վերաբերյալ՝ օժանդակելով նախաձեռնությունների, որոնք աջակցում են անապահով համայնքներին: 2020 թ. 100.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացվել Քուինսի «Էլմհըրսթ» հիվանդանոցին՝ մեծարելու Նյու Յորքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: Եվս 50.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ հատկացվել է լիբերիացի խաղաղության ակտիվիստ Լեյմա Գբովեի հիմնած Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամին:
Memory Act նախագծով «Ավրորա» դրամաշնորհներ է տրամադրվում նաեւ Մատենադարանին՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին, եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ նպաստելով Հայաստանի մշակույթի եւ պատմական ժառանգության պահպանմանը:
2020 թ.–ի նախաձեռնությունը Մատենադարանին հատկացրեց 10.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ ՝ թվային մատենադարան ստեղծելու և առցանց հիմնական ցուցասրահը ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ դա թույլ կտա Մատենադարանին` ունենալ տարեկան առնվազն 1.000.000 վիրտուալ այցելու:
Բացի այդ, «Ավրորայի» աջակցությամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարողացավ վերահրատարակել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրությունն անգլերեն և հայերեն՝ ներառելով լրացուցիչ 20 էջ հղումներ և բացատրական ծանոթագրություններ:

«Ավրորա» դրամաշնորհները նյութականացնում են «Երախտագիտությունն՝ ի գործ» և «երկրորդ հնարավորություն՝ այսօր» հասկացությունները՝ կենտրոնանալով ապագայի (կրթաթոշակների) և անցյալի (պատմության պահպանում) վրա:

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ