ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ

2018 թ.-ին Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամը (ԶՔՀ) հանդես եկավ Գյումրու Բարեկամության այգու վերականգնման և վերակառուցման նոր նախաձեռնությամբ, որն ասպարեզ իջավ Հիմնադրամի և նրա գործընկերների կողմից 2015 թ.-ից ի վեր աջակցվող և իրականացվող ծրագրերից: Նախագծով ԶՔՀ-ն պարտավորություն է ստանձնում հզորացնելու տեղի համայնքը, խթանելու սոցիալական ու տնտեսական փոփոխությունները և նպաստելու Գյումրու և գալիք սերունդների կայուն ապագային: Սա եզակի նախագիծ է, որն ապահովում է առևտրային, սոցիալական ու մշակութային բաղադրիչների միաձուլումը՝ հիմնվելով պետություն-մասնավոր գործընկերության վրա: Այգին պետք է դառնա այն սակավաթիվ նախագծերից մեկը, որը ներկայացնում է բազմաթիվ դժվարություններ կրած այս քաղաքի վերածնունդը: Այգին նաև խորհրդանշում է բոլոր այն ազգերի ու երկրների հանդեպ մեր երախտագիտությունը, որոնք 1988 թ.–ի երկրաշարժից հետո օգնել են քաղաքի վերածնմանը:

Գյումրու Բարեկամության այգին նպատակ ունի դառնալու Հայաստանում կայուն կանաչ նախագծերի զարգացման նշաձող, որը միավորում է երեք հիմնական ուղղություններ և գործում է ամբողջ տարվա ընթացքում.

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. Այգին էապես կբարձրացնի Գյումրու գոյություն ունեցող քաղաքային ենթակառուցվածքը և կընդլայնի հանրային կանաչ տարածքի ընդհանուր մակերեսը: Բացի այդ, տվյալ տարածքում այգու կառուցումը քաղաքի պատմական կենտրոնը կկապի արդյունաբերական և հիմնական բնակելի գոտիների հետ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. Այգին կավելացնի Գյումրու զբոսաշրջային տեսարժան վայրերը և կդառնա եզակի տարածք միջազգային, տարածաշրջանային և տեղական միջոցառումներ հյուրընկալելու համար, ինչն իր հերթին էապես կմեծացնի դեպի քաղաք այցելուների հոսքը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Այգին կդառնա Գյումրու տեղական ձեռնարկությունների և ստեղծագործական ներուժի ընդունման ու խթանման հարթակ, սոցիալական ու մշակութային կյանքի կենտրոն, որը զբոսաշրջիկներին թույլ կտա իրենց այցելության վայրերի շարքումմեջ նախապատվությունը տալ դրան:

Այգու տարածքի գոտեվորումն առնչվում է անմիջական շրջակայքին: Ժամանցի աղմկոտ գոտիները խմբավորված են այգու արևելյան կողմում, որը շրջապատված է արդյունաբերական տարածքներով, հետևաբար` այս հատվածի աղմուկը չի անհանգստացնի քաղաքի բնակիչներին: Հարավային կողմում՝ հիվանդանոցի մոտակայքում, կա հանգստի գոտի՝ ճեմուղիներով ու նստարաններով: Հյուսիսային կողմում՝ բնակելի շենքերին ավելի մոտ, կան մանկական խաղահրապարակներ ու մարզահրապարակներ` մարզիկների ամենօրյա օգտագործման համար, ինչպես նաև` համայնքային այգի: Այգու տարածքը բաղկացած է երեք գոտուց (քաղաքային գոտի, բնության գոտի և զվարճանքի գոտի), որոնց շնորհիվ ցանկացած տարիքի այցելուները կարող են միաժամանակ օգտվել այգուց:

2021 թ.–ին, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, որպես քաղաքաշինության, զբոսաշրջության և սոցիալական ձեռնարկատիրության միահյուսմամբ հանրային պլանավորման կայուն մոդել, Հայաստանի կառավարությունը հաստատեց այգու հանրային ենթակառուցվածքների աշխատանքների ֆինանսավորումը Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի միջոցով: Այս հանգամանքը հավելյալ արժեք է ստեղծում ծրագրի առանցքային նպատակների համար՝ ապահովելով մասշտաբային ցանց` բազմակողմանի շահագրգիռ կողմերի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության միջոցով։

Հիմնադրամը համագործակցում է միջազգային, մասնավոր և պետական գործընկերների հետ՝ հավաստիանալով, որ բարեկամության գաղափարը գործի է դրվում ծրագրի յուրաքանչյուր փուլում: Գործընկերության առանցքային օրինակներից է «Ազնավուր» հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի հետ այգու տարածքում ժամանակավոր ապրող բնակիչների վերաբնակեցումը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, ծրագրի սկզբնական փուլում մշակվել են այգու առաջին հայեցակարգային մտահղացումները, որոնք խորհրդանշում էին բարեկամության գաղափարը:

Բացի այդ, նախագիծն ստացել է Ասիական զարգացման բանկից ներդրումը, որը կենտրոնացած է այգու ներառական նախագծման վրա, մասնավորապես՝ ուղղված մարզական տարածքին:

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ