ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Խորհրդային Միությունից Վրաստանի անկախացումից հետո Թբիլիսիի հայ համայնքը կորցրեց իր մշակութային ժառանգության մի կարևոր մասը՝ հայ մեծ բանաստեղծ ու գրող Հովհաննես Թումանյանի տունը:

Սակայն, հետագայում մենք միացանք Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հավաքական ջանքերին` պայքարելով տունը համայնքին վերադարձնելու համար: 2017 թ.-ին, էական վերակառուցումից և վերանորոգումից հետո, բացվեց Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանի գիտական-մշակութային կենտրոնը: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայաստանից և Վրաստանից ժամանած քաղաքական գործիչներ, հյուրեր Ռուսաստանից և Թբիլիսիի մտավորականությունը: Այսօր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի են ունենում տարբեր գիտական ու կրթական միջոցառումներ, գրական երեկոներ և այլն: Այնտեղ գործում են տիկնիկային թատրոն, Վրաստանի հայերի մշակութային ժառանգության թանգարան և գրադարան:

 Նախագիծը կարևոր քայլ էր Վրաստանի հայության ինքնության ամրապնդման և նրանց հոգևոր արժեքների պահպանման համար:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում: Վերջինս գրեթե ավերվել, այնուհետև ամբողջությամբ վերանորոգվել է Մելիք Եգանի կողմից 18-րդ դարում:

Մեկ այլ հույժ անհրաժեշտ վերանորոգում ձեռնարկվեց 2015 թ.-ին և ավարտվեց 2017 թ.-ին:

2016 թ. –ի ապրիլին Արցախի շփման գծում ռազմական հակամարտության սրման հետևանքով գոյացած ծանր պայմաններում իրականացվեց եկեղեցու համապարփակ վերականգնումը, ինչպես նաև կառուցողական լուծումներ տրվեցին Եկեղեցու ռոտոնդայի վերականգնման, հենապատերի ամրացման և ջրահեռացման ու արտահոսքի համակարգի ուղղությամբ աշխատանքներին, գեղեցիկ ձևավորվեց հարակից տարածքը:

Մուշկապատ գյուղի այս հոգևոր ու կրոնական հուշարձանի վերականգնումը ևս մեկ ձեռնարկում էր ազգի պատմամշակութային արժեքների ժառանգության պահպանման և ընդլայնման, հին շրջանի պատմական ներկայության ու ճարտարապետական առանձնահատկությունների պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում սոցիալական ներդրումային նախաձեռնությունների հաջողության մոդելի նախագծման ուղղությամբ:

ՍՈՒՐԲ ԹԱԴԵՎՈՍԻ ՎԱՆՔ

Սուրբ Թադևոսի վանքը՝ Քրիստոսի առաքյալ Սուրբ Թադևոսի գերեզմանի ենթադրյալ վայրը, որը մշտապես եղել է քրիստոնյաների և տարածաշրջանի այլ բնակիչների հոգևոր բարձրարժեք վայր, Իրանում հայկական պատմական ժառանգության կարևոր ուղենիշերից մեկն է։ Վանքը համընդհանուր ճանաչում է ստացել և 2008 թ. –ի հուլիսին երկու այլ՝ Սուրբ Ստեփանոսի և Ձորձորի վանական համալիրների հետ միասին, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Թեև վանքի հիմնադրման հարցը դեռևս մնում է մշուշոտ, սակայն, ըստ ավանդության, Թադևոսին նվիրված եկեղեցու ակունքները թվագրվում են մ.թ. առաջին դարից։ Ներկայիս կառույցի մեծ մասը թվագրվում է 1811 թ.։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկվելուց ի վեր, Սուրբ Թադևոսում կատարվեցին վերականգնողական տարբեր աշխատանքներ:

2019 թ.–ին իրականացվեցին Սուրբ Թադևոս վանական համալիրի պղնձե տանիքի կառուցման և տեղադրման աշխատանքները: Տանիքի տեղադրումն ավարտվեց դեպի Սուրբ Թադևոսի վանք 65-րդ ուխտագնացության և հայկական մշակութային ու պատմական տեսարժան վայրերի մասին իրազեկման համար:

 Վանքը գրավում է ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական ծագումով այցելուների հսկայական հոսք, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից եկող քրիստոնյաների համար սա ուխտագնացության եզակի վայր է:

ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՇՈՒՇԻՈՒՄ

Աջակցելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ մենք 2014 թ. –ին սկսեցինք Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը , որն իրականացվեց Արցախի զարգացման ծրագրի շրջանակներում:


Գոհարը (մոտ 1790–1888 թթ.) վրաց իշխանի դուստրն էր և Իբրահիմ Խան Ջավանշիրի չորս պաշտոնական կանանցից մեկը: Նա երեխաներ չի ունեցել և իր կյանքն անցկացրել է քաղաքին ու նրա բնակիչներին աջակցելով: Գոհար աղան երկու անգամ նախաձեռնել է Շուշիի երկու հիմնական մզկիթների վերանորոգումը: Նա նվիրաբերել է իր գյուղերի, խանութների և քարավանատների մի մասը, հովանավորել մզկիթի բակում գտնվող հիվանդանոցի վերանորոգումը՝ հիվանդ ճանապարհորդներին բուժելու համար: Քաղաքի աղքատներին և ընչազուրկներին հիվանդանոցում բուժում ստանալու հավասար իրավունքներ է տվել: Մեդրեսեի (իսլամական հոգևոր ճեմարան) սաներին շաբաթական երկու անգամ տրամադրում էր լամպեր և սնունդ: Նա լսում էր քաղաքի աղքատ բնակիչների խնդրանքները և աջակցում նրանցից առավել բանիմացներին: Գիշերվա քողի ներքո նա տնից -տուն էր գնում և փող բաժանում աղքատներին՝ խնդրելով, որ արածը գաղտնի պահեն:

Երկրաբանական ուսումնասիրությունների, հնագիտական պեղումների և նախնական հաշվարկների ավարտից հետո սկսվեցին մզկիթի վերակառուցման աշխատանքները: Մզկիթի պատմական արտաքին մասի պահպանումը ծրագրի մի մասն էր: Աշխատանքները ներառում էին նաև մեդրեսեի շենքի վերականգնումը, ինչպես նաև մզկիթին հարող տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ձգտելով կիրառել միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ նախագծի մեջ ներգրավվեցին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններ: Արցախի մշակույթի նախարարության գործընկերությամբ, նախագիծը համագործակցել է նաև իրանական «Part Saman Jahan» ճարտարապետական բյուրոյի, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոյի, ICOMOS Հայաստանի, Միլանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լորենցո Յուրինայի, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի, ինչպես նաև Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության հետ: Վերջինս զգալի աջակցություն է ցուցաբերել աղյուսաշինության, ինչպես նաև մզկիթի վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար իսլամական հոգևոր օբյեկտների վերականգնման մեծ փորձ ունեցող տասներկու մասնագետների ընդգրկման գործում:

Շուշիի Վերին մզկիթի տարածքում վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2019 թվականին:

Մինչև վերականգնման աշխատանքների մեկնարկը, Վերին մզկիթի տարածքում կատարված հնագիտական հետազոտությունները հայտնաբերել են վաղ միջնադարյան դամբարանադաշտ և որոշ այլ կառույցների հիմքեր, որոնք կարիք ունեն հետագա գիտական հետազոտությունների:

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ