Վերակառուցում
Սուրբ Գևորգ եկեղեցին (1251 թ.)՝ Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկը, գտնվում է Թբիլիսիի Հին քաղաքում: Վերջինս քաղաքի երկու գործող հայկական եկեղեցիներից մեկն է և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Սուրբ Գևորգը եղել է միջնադարյան հայկական մշակութային, լուսավորչական կենտրոն: Հայ նշանավոր գուսան Սայաթ -Նովայի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, հայտնի գեներալներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան (Հովհաննես) Լազարեանցի, Բորիս Շելկովնիկովի աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում:
Երբեմնի հոյակապ կառույցը 2010-ին գտնվում էր անմխիթար վիճակում՝ պատերի և հիմքի հսկայական ճեղքվածքներով: Մշակվել է եկեղեցու հիմնավոր վերականգնման նախագիծ, որն իրականացվել է միջազգային թիմի կողմից 2012-2015 թթ. –ի ընթացքում: Մեծ ուշադրություն է հատկացվել եկեղեցու հին հիմքի և հատվածների փոխարինմանն ու ամրապնդմանը: Կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է շենքի արտաքին սվաղը, և վերականգնվել է եկեղեցու սկզբնական աղյուսե տեսքը:
Եկեղեցու որմնանկարներն ուսումնասիրվել են հայ հետազոտողների և իտալացի վերականգնողի կողմից: Շինարարական աշխատանքներին զուգահեռ ավարտվել է որմնանկարների համապարփակ վերականգնումը։ Որմնանկարներն ընդգրկում են 1090 քառ. մետր տարածք։ Դրանցից հնագույնը թվագրվում է 14-15-րդ դդ.։ Հետաքրքիր է, որ 17-րդ դարից ի վեր այդ որմնանկարները պարբերաբար վերականգնվում և երբեմն ծածկվում էին գիպսի նոր ծածկույթով: Վերականգնողական աշխատանքների ընթացքում բացահայտվեցին մի շարք նոր շերտեր, և վերականգնվեց եկեղեցու պատկերակալը: Որմնանկարների մաքրման արդյունքում ի հայտ եկան մինչ այժմ անհայտ մի շարք պատկերներ, որոնք գտնվում էին գմբեթի ներքևի հատվածում և ավելի ընդգրկուն պատկերացում էին տալիս եկեղեցու ներքին հարդարման համակարգի մասին:
Վերականգնված եկեղեցին կրկին իր շուրջն է համախմբել թբիլիսահայերին, դարձել ոչ միայն հոգևոր, այլև մշակութային կենտրոն. եկեղեցու բակում ամեն տարի անցկացվում են միջոցառումներ, որոնք կարևոր են հայկական ինքնության պահպանության և ամրապնդման համար:
Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման ծրագրի շրջանակներում նկարահանվել է երկու ֆիլմ։ Առաջին ֆիլմը ներկայացնում է տաճարի պատմությունը, Թիֆլիսի հայերի կյանքն ու դերը քաղաքի պատմության մեջ, ինչպես նաև եկեղեցու վերականգնման կարևորությունը: Դրա շնորհիվ բազմաթիվ նվիրատուներ ներգրավվեցին Թբիլիսիի հնագույն տաճարներից մեկի վերականգնման գործում: Երկրորդ ֆիլմը պատկերացում է տալիս երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքի և վերականգնման նախագծի հետագա ծրագրերի մասին:
Նախագծի շրջանակներում հրատարակվել են հետևյալ երեք գրքերը. «Սուրբ Գևորգ. Որմնանկարներ» (չորս լեզվով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն), «Սայաթ Նովա. Քնարերգություն» և «Քարթլիի թագուհի Շուշանիկը» (վերջին երկուսը երեք լեզվով՝ հայերեն վրացերեն և ռուսերեն)։ «Քարթլիի թագուհի Շուշանիկը» ալբոմը նկարազարդել են Հայաստանի, Արցախի և Վրաստանի 11 դպրոցներից 170 հայ և 55 վրացի երեխաներ։