ՏԵՍԼԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Պետություն-մասնավոր գործընկերության գաղափարը, որը խթանում էր «Հայաստան 2020»-ը, իրացվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) տեսքով: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ ՀՀ կառավարության և հայկական ծագման համաշխարհային գործարարների խմբի գործընկերության միջոցով: Հոգաբարձուների խորհուրդը նախագահում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խորհուրդը ներառում էր կառավարության վեց բարձրաստիճան ներկայացուցիչների, վեց միջազգային նշանավոր գործարարների և միջազգային զարգացման համայնքի մեկ ներկայացուցչի: Հոգաբարձուների խորհրդի անդամներ էին գործարար աշխարհի այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Անդրե Անդոնյանը, Րաֆֆի Ֆեստեքջյանը, հետագայում՝ Հայկ Բաքրջյանը, լորդ Արա Դարզին և Գոռ Նահապետյանը: Հիմնադրամը սերտորեն համագործակցեց մի շարք նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի և միջազգային մասնավոր հատվածի սուբյեկտների հետ: Հիմնադրամի մանդատը միջազգային մրցունակության հասնելն էր՝ տնտեսական գործունեության առանցքային ոլորտների զարգացման միջոցով: Այդ նպատակով Հիմնադրամը հավաքագրեց ռազմավարական ներդրումներ և իրականացրեց Հայաստանի տնտեսական զարգացման համար կենսականորեն կարևոր ծրագրեր:

ՀԱՄՀ-ն միտված էր նպաստելու ազգային մրցունակության ձևավորմանը տնտեսական գործունեության առանցքային ոլորտներում, ներառյալ` առողջապահության, զբոսաշրջության, կրթության բնագավառներում, որտեղ Հայաստանի համար տարածաշրջանում մրցակցային առավելություն ձեռք բերելու ներուժ կար: ՀԱՄՀ-ը ձգտում էր դա անել՝ հավաքագրելով ռազմավարական կապիտալ ներդրումներ և հմուտ ռեսուրսներ՝ Սփյուռքի հետ համագործակցությամբ։

Հետագայում, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց վերակազմավորելու Արդյունաբերական զարգացման հիմնադրամն ու Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամը: ՀԱՄՀ-ը մեզ համար նշանակալի փորձ էր, քանի որ վերջինս հիմք դրեց զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներում մեր խարսխային ծրագրերի իրականացմանը: Սա նաև հիանալի դաս եղավ պետություն – մասնավոր գործընկերության նախագծերում որոշումներ կայացնելու դինամիկայի և պետական հատվածում մասնավոր սկզբունքներով կառավարման սահմանափակ հնարավորությունների վերաբերյալ:

ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄՀ-ի քաղաքականության մշակման մեծագույն նախաձեռնությունը Հայաստանում Բաց երկնքի քաղաքականությունն էր, որը ներկայացվեց 2013 թ.–ի նոյեմբերին՝ երկարատև աշխատանքի և McKinsey & Company ընկերության  ծավալուն հետազոտությունների ու քաղաքականության առաջարկի հիման վրա: Համաձայնություն կայացվեց այն հարցի շուրջ, որ Բաց երկնքի քաղաքականությունը խիստ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա՝ աշխատատեղերի ստեղծման, ուղևորների թվի, ուղեվարձի նվազեցման, Հայաստանում մրցունակ ու կայուն ավիաընկերության ծառայություն հիմնելու ճանապարհով։

Բաց երկնքի քաղաքականության ներմուծումը պետք է էական փոփոխություն մտցներ Հայաստանի ավիացիոն քաղաքականության մեջ, ինչը մեծ ազդեցություն կունենար հետևյալ ոլորտների վրա. հայկական Սփյուռքը կշահեր մեծացած կապից և գների իջեցումից` ինչպես Հայաստան մասնավոր այցելությունների, այնպես էլ` բիզնեսով զբաղվելը դյուրացնելու առումով, օդանավակայանում կավելանար ավիաընկերությունների երթևեկության ծավալը և կարող էր օգնել գրավելու բարձր հաճախականության փոխադրողների՝ նրանց տրամադրելով նվազեցված վճարներ ու աջակցություն, և արդյունաբերության այլ ոլորտներ ևս կշահեին կապի բարելավումից և գործարար ճանապարհորդների թվի աճից:

Հետագայում կատարվեց նաև Հայաստանի ավիացիոն արդյունաբերության և փոքր ավիացիայի զարգացման ներուժի նախնական գնահատում:

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ