2019 թ.-ի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունը հատուկ օրհնություն ստացավ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից՝ Վատիկան կատարած այցի ընթացքում: Այս այցը խմբի Հռոմ կատարած լայնածավալ ուղևորության մի մասն էր, որի ընթացքում Վատիկանի և համայնքային ղեկավարների հետ մի շարք հանդիպումներ անցկացվեցին։
Վատիկան կատարած ուղևորությանը ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և նշանավոր հասարակական գործիչներ, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի երեք նախորդ դափնեկիրները ՝ Թոմ Քատինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Ի լրումն, խումբը հանդիպեց նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար, Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ զրույցի ընթացքում խումբը հայցեց պապի օրհնությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար, քանզի վերջինս շարունակում է իր գլոբալ ջանքերը ներդնել աղքատության դեմ պայքարի, առողջապահության բարելավման և խոցելի համայնքներին կրթություն տրամադրելու գործում: