Հստակ էր, որ սոսկ վանքի վերականգնումը բավարար չէր:
«ՏաԹևեր» ճոպանուղին միջնադարյան հայ ճարտարապետության մարգարիտ Տաթևն ավելի հասանելի դարձնելու ոչ ստանդարտ լուծում դարձավ:
Այս նախաձեռնությամբ մենք մտադիր էինք տնտեսապես լճացած մարզում խթանել տնտեսական աճը: «ՏաԹևեր» նախագիծը զբոսաշրջիկների զգալի հոսք ապահովեց դեպի մինչ այդ գրեթե անհասանելի վանքը: Դրանից եկամուտ գոյացավ, որն անհրաժեշտ էր վանական համալիրի վերականգնման համար:
Սա իր հերթին պայմաններ ստեղծեց պետական ֆինանսավորման ներգրավման համար: Անհրաժեշտ էր լուծել ենթակառուցվածքների մի շարք խնդիրներ: Այս առումով Հայաստանի կառավարության աջակցությունը վճռորոշ էր:
Կառավարությունը, Համաշխարհային բանկի աջակցությամբ, վերակառուցեց 12 կմ երկարությամբ Սիսիան-Տաթև ճանապարհը: Անհրաժեշտ շինարարական սարքավորումների ներմուծման համար շնորհվել է ԱԱՀ-ից ազատում, ինչպես նաև ֆինանսավորվել է Տաթևի տարածքում բարձրավոլտ գծի վերատեղակայումը:
Նախագծի թիմը համագործակցում էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և փորձագետների հետ՝ ապահովելովւ միջազգային լավագույն փորձի և չափանիշների կիրառումը և՛ նախագծման, և՛ ծրագրի իրականացման ընթացքում: Մասնավորապես, աշխատանքների իրականացումը հանձնվել է ավստրո-շվեյցարական Doppelmayr Garaventa Group ընկերությանը, որն առաջատար է ճոպանուղիների նախագծման, արտադրության ու սպասարկման բնագավառում:
