ԽԱՐՍԽՈՒՄ

Ծավալուն ծրագրի իրականացման միջոցով մեծ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսները բազմազան են և բազմաթիվ: Պետությունը, միջազգային կառույցները, մասնավոր ներդրողները և քաղաքացիական հասարակությունը՝ բոլորը, պետք է իրենց համապատասխան դերերը կատարեն և իրենց ներդրումն ունենան: Այդուհանդերձ, մինչև 2008 թվականը մենք համոզվեցինք, որ ներկա դարաշրջանում այս տարբեր կարողությունների օգտագործմանն ու ուղղորդմանն իրականում կարելի է հասնել մասնավոր հատվածին ընդգրկելով:

Ինչո՞ւ: Քանի որ մասնավոր նախաձեռնությունը կարող է հանդես բերել հարկ եղած ձգտում, կայուն ֆինանսավորում, ռեսուրսների հավաքագրման ճկունություն և փոփոխունակություն, բարձր չափանիշներ և երկարաժամկետ ռազմավարական մտածողություն ու հանձնառություն, որոնք անհրաժեշտ են հնարավորի սահմաններն առաջ մղելու համար:

Այս համոզմունքով է ահա, որ մեր ծրագրումն սկսվեց ամբողջ թափով․․․

2008-2015 թվականներն արագ առաջընթաց արձանագրեցին «Հայաստան 2020»-ի նպատակների ուղղությամբ: Լայնածավալ կապիտալ ներդրումներ կատարվեցին անհրաժեշտ ենթակառուցվածքների համար՝ ամբողջ Հայաստանում և երկրից դուրս մի շարք խարսխային նախագծերի ֆիզիկական արմատավորման նպատակով: Այդ նախագծերը, որոնք բարեգործական և առևտրային ձեռնարկումների խառնուրդ էին, կենտրոնացած էին Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի տարածքային զարգացման վրա, ինչպես նաև մշակութային ժառանգության վերականգնման, զբոսաշրջության ոլորտի զարգացման և առաջատար կրթական ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման վրա:

Մեր բոլոր նախագծերը և զարգացման ծրագրերը փաստացիորեն փոփոխությունների միասնական, կապակցված համակարգ են։ Ներառական էկոհամակարգը չի կարող սահմանափակվել մայրաքաղաքով և երկու–երեք խոշոր քաղաքներով: Հետևաբար, մեր նպատակը տարբերությունների վերացումն է և շրջանների համաչափ զարգացումը՝ Հայաստանի ու Արցախի ողջ տարածքի ընդգրկմամբ:

Բեկումնային այդ նախագծերը նախատեսված էին ծառայելու ոչ միայն Հայաստանի՝ որպես երկրի, և հայության՝ որպես ազգի, շահերին։ Գլոբալ նշանակության կիզակետում նրանց տեղը կարող է երաշխավորվել միայն ապահովելով, որ նրանք օգուտ բերեն ամբողջ աշխարհին: Կարևոր է, որ այլ երկրների քաղաքացիներն ու ազգային խմբերը նույնպես օգտվեն այդ նախագծերից: Տեղական գործողությունների միջոցով գլոբալ գաղափարների և մեթոդների կիրառմամբ՝ «գլոկալ» դառնալով է միայն, որ կարող ենք սկսել Հայաստանը մղել որոշ տեսակի հանգույցի՝ հաբի կարգավիճակի ձևավորման: Այդ կարգավիճակն առանցքային է՝ որպես իսկապես ինքնավար ու բարգավաճ երկիր Հայաստանի ամբողջական ինտեգրումն աշխարհին ամրապնդելու համար:Հետևաբար, փոխադարձ օգուտներն առավելագույնի հասցնելը մինչ օրս բոլոր տարածաշրջաններում և ոլորտներում մեր բոլոր խարսխային նախագծերի միջով անցնող թել է: Դա, թերևս, լավագույնս արտացոլվում է կրթության ոլորտում: Այստեղ լայնորեն ճանաչված օգուտի տրամաբանությունը հանգեցրել է նրան, որ հայ երեխաներն առաջին հերթին և ամենից շատ են օգտվում առաջարկվող առավելություններից, այնուհետև հաջորդում է (հաջողության դեպքում) ծրագրի տարածումն այլոց վրա: Ոմանց համար, սակայն, նվազ ակնհայտ էր Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) տարածքի զարգացման հիմքում ընկած օգուտի տրամաբանությունը:

Առաջին հայացքից, UWC Դիլիջանը գործել է ի շահ օտարերկրացի երեխաների և գիտական անձնակազմի: Դպրոցում աշխատում են շուրջ 40 բարձրակարգ ուսուցիչներ 17 տարբեր երկրներից, և ուսում են ստանում տարբեր ազգերի ու երկրների ավելի քան 200 տաղանդավոր երեխաներ՝ 80-ից ավելի երկրներից: Սակայն UWC ցանցին անդամակցությունը հայերին հնարավորություն է տալիս մուտք գործելու կրթական առաջատար հանգույցների համաշխարհային ցանց: Այդ հանգամանքն արդեն ավելի քան 160 հայ ուսանողների հնարավորություն է տվել կրթություն ստանալու արտասահմանի բարձրադաս միջազգային դպրոցներում: Ավելին, UWC Դիլիջան քոլեջում սովորող մեծ տաղանդի տեր երիտասարդներն իրենց կյանքի երեք ամենաարդյունավետ տարիներն անցկացնում են Հայաստանում: Այդ ընթացքում նրանք ծանոթանում են երկրի բնապատկերների, սովորույթների և մարդկանց հետ: Քոլեջը տրամադրում է լեզվի դասընթացներ և խթանում միջմշակութային ու միջանձնական հաղորդակցությունն ուսանողների և տեղացիների միջև, ի թիվս այլոց՝ նաև փոխադարձ ուսուցման և համատեղ նախագծերի հնարավորությունների միջոցով:

Այս հանգամանքը ոչ միայն խթանում է արտերկրի վաղվա լավագույն մտքերի անձնական ներդրումը Հայաստանում, այլ նաև բարձրացնում է բուն Հայաստանի լավագույն մտածողների հմտությունները, կարողություններն ու փորձը: Նման փորձառությունները գալիք տարիներին կարող են գործածվել ի շահ իրենց հայրենիքի: Ավելին, UWC Դիլիջանը կրթության հարցում հանդես է գալիս նաև որպես թարմ գաղափարների փարոս, ինչը հանգեցրել է կրթական այլ հետաքրքիր նախաձեռնությունների ստեղծման քաղաքում, որն ի վերջո գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների գլոբալ ցանցում: Այդ զարգացումները հետագայում նպաստեցին քաղաքում երեխաների կրթության նկատմամբ հետաքրքրությանը և խթանի առաջացմանը. մի նախապայման, որը զարգացնում է Հայաստանի սեփական մարդկային կապիտալը:

Ավելի քան ութ տարիների ընթացքում նման խարսխային նախագծեր ստեղծվեցին, հասունացվեցին ու տարածվեցին ողջ Հայաստանում և երկրից դուրս: Դրանք գերազանցության տպավորիչ կղզյակներ ստեղծեցին, որոնցով մենք, ինչպես և բոլոր ներգրավվածները, իրավամբ պետք է հպարտանանք:

Սակայն, մինչ այս նախագծերն ամբողջ թափով ու ծավալով ընդլայնվում էին, տեղական մակարդակում դանդաղորեն սկսեց ի հայտ գալ մեր հաջորդ մեծ դասը. մասնավոր նախաձեռնությունը կարող է արագորեն հանգեցնել մեծ փոփոխությունների: Բայց, առանց հասարակության մասնակցության, զարգացման բոլոր ձեռքբերումներին վտանգ է սպառնում մնալու նույնքան փխրուն, որքան ավանդական զարգացման ծրագրերը՝ ճգնաժամի դեպքում: Մենք հասկացանք, որ համակարգային փոփոխությունը պահանջում է սկզբից ևեթ համայնքի ամուր ներգրավում: Իսկ դա ժամանակ է պահանջում: Հաջորդ մի քանի տարիներն ակնառու կդարձնեն, որ ծրագրերի նախագծման և իրականացման գործում` ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը միակ միջոցն է, որով իսկապես կարելի է իրականացնել համակարգի փոփոխություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ