ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ

ԱՅՍՕՐ

Այսպիսով, մենք այստեղ ենք՝ վաղվա շեմին կանգնած: Հայաստանի 2021 թ.-ի պատկերը սպիացած է. համաճարակը, տնտեսական անկումը և պատերազմն իրենց վնասն են հասցրել մեր ազգին:
Այդ ընթացքում մեր ոտքերի տակ սկսել են շարժվել տարածաշրջանային և միջազգային հզորության «սալիկները»: Հայաստան 2020-ի տեսլականը, որով մենք առաջին անգամ սկսեցինք նախագծել մեր ոդիսականը, շատ առումներով հեռու է թվում:
Մենք հասկացանք, որ խարսխային նախագծերի շուրջ ներգրավված համայնքների հավաքումը կարող է օգնել գերազանցության կղզիների առաջացմանը և գեներացնող էկոհամակարգերի զարգացմանը, սակայն չի կարող ներդնել այն հզոր փոփոխությունը, որն անհրաժեշտ է ազգային փոխակերպման համար:
Փոխակերպական փոփոխությունը լայնածավալ միջամտությունների կարիք ունի և պահանջում է անվերապահ շարժիչ ուժ: Լայնածավալ հավաքական մոբիլիզացիա է անհրաժեշտ դեպի ընդհանուր նպատակ: Քաղաքացիական աջակցությունը և հասարակության ներգրավվածությունը դրա հիմքն են. դա նշանակում է կառավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքականություն մշակողների և կյանքի բոլոր շերտերի՝ ՀՀ քաղաքացիների կամ Սփյուռքի մասնագետների մասնակցություն և գործողություն: Վերջինս բոլորին պատկանող, ի սկզբանե համատեղ նախագծված տեսլականի կարիք ունի:
Սեփական ապագայի հանձնառման առաջին քայլը ինքնաճանաչումն է՝ որպես ապագայի հայ: Ապագա հայկականը այն կոնցեպտը չէ, որում պետք է համոզել: Դա փաստ է:
Ինքնաճանաչումը՝ որպես ապագայի հայ, նշանակում է հանձնառություն ստանձնել ինչպես ձեր ինքնության, այնպես էլ ձեր ապագայի հանդեպ: Բայց առանց պատասխանատվության այդպիսի հանձնառությունը չի կարող գնահատվել: Ժամանակն է, որ մենք դադարենք մեր ճակատագրի համար պատասխանատվությունը թողնել ուրիշների ձեռքում: Գոյատևելը ժառանգություն է, որը թողել են մեզ մեր նախնիները: Բայց մենք պետք է նայենք դրանից դուրս: Մեր պարտքն է թե՛ մեր, թե՛ մեր նախնիների առջև ծաղկել 2041 թ.-ին: Նման բարեկեցությունը կարող է շարունակաբար դառնալ մեր գոյատևման ժառանգությունը մեր երեխաների և թոռների համար:
Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ