ՏԵՍԼԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ԴԵՊԻ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ԵՎ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ԱՌԱԿՆ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԴՈՒՑ:

Բարերարներ ու համանախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը քսան տարի առաջ մեզ հրավիրեցին «իսկ ի՞նչ, եթե…» հարցը տալու առաքելություն սկսելու։ Ներգրավված էին մտավորականներ, շահագրգիռ կողմեր և քաղաքականություն մշակողներ` հայության ամբողջ ուղեծրից: Դասախոսություններ, զեկույցներ և քննարկումներ կազմակերպվեցին համալսարանների, Սփյուռքի ու հայաստանյան հաստատությունների հետ: Մոտ երեք տարում բազում մղոններ հատվեցին, և տեղի ունեցան ուշգիշերային երկար խոսակցություններ:

Ո՞րն էր նպատակը։ Ամենասուր մտքի տեր որոշ անձանց հետ հավաքական միտք բանեցնել ու հասկանալ, թե Հայաստանը որտե՞ղ պետք է և որտե՞ղ կարող է վայրէջք կատարել առաջիկա 20 տարիների ընթացքում: Մտքերի փոխանակումը մեզ թույլ տվեց հետազոտել Հայաստանի լայն ու ճեղքված հեռանկարը՝ նրա տարածքային սահմաններից անդին:

Նախագծին ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերելու ձգտումը մեզ ներգրավեց սցենարային մի գործընթացի մեջ, ուր պետք է որոշվեր, թե որտեղ է ցանկանում լինել Հայաստանը, և թե աճի որ հետագիծը լավագույնս կծառայի դրան հասնելու համար՝ ելնելով այլ ազգերի անցյալի փորձից: Արդյունքը եղավ Հայաստանի անցյալի, ներկայի և ներուժի սոցիալ-տնտեսական խոր վերլուծությունը՝ «Հայաստան 2020»-ի տեսլականը:

Իր սկզբնավորման ժամանակ «Հայաստան 2020»-ի կենտրոնում ընկած էր երկու առանցքային բաղադրիչ՝ բարգավաճում և ինքնություն:

Նախագծի շրջանակներում հինգ հիմնական ոլորտ ճանաչվեց աշխատուժի արտադրողականության բարձրացման ներուժ ունեցող՝ միաժամանակ, Հայաստանի բարգավաճումը խթանելու համար, նվազեցնելով գործազրկությունը: Դրանք էին` բանկային գործն ու ապահովագրությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, հանքարդյունաբերությունն ու մետաղագործությունը և ՏՏ ու ծրագրաշարերի մշակումը։

Եվ սակայն մենք սկզբից ևեթ հասկացանք, որ միայն տնտեսական բարգավաճման թիրախավորումը բավարար չի լինի: Երջանկությունը ազգի հարստության իրական չափումն է, և ամենաերջանիկ ազգերը նրանք են, ովքեր ունեն տնտեսական բարգավաճման ու սոցիալական կապիտալի առողջ հավասարակշռություն և, ամենից առաջ, հասարակական վստահություն: Մեր ջանքերի արդյունքում գծագրվեց ճեղքված աշխարհագրությունների և մասնատված մտածելակերպերի Հայաստան: Մենք գիտակցեցինք ազգը որպես համաշխարհային ցանց վերականգնելու անհրաժեշտությունը: Մի ցանց, որը կարող է համախմբել այն անհատներին, որոնք սրտով կամ ընտրությամբ հայ էին. հայ էին, բայց նաև ռուս էին, ամերիկացի, արգենտինացի, գերմանացի ու ավստրալացի, որոնք պատրաստ էին մտածելու և գործելու աշխարհագրական սահմաններից դուրս:

Հայկական ինքնության այս տարանջատումը քաղաքացիության հասկացություններից մենք առանցքային համարեցինք այն վստահության ամրապնդման համար, որն անհրաժեշտ է համակարգային քաոսի պայմաններին դիմակայելու համար, որը քայքայում է ժողովուրդների միասնությունը և ընդհանուր մարդկության նրանց զգացումը: Սա առանցքային էր նաև՝ ամբողջացնելու համար մարդկային կապիտալի լիարժեք ու հարուստ ներկապնակը, որը Հայաստանը որպես պետություն կարող է ունենալ իր տրամադրության տակ:

«Հայաստան 2020»-ի տեսլականով ստեղծվեց հնարավոր այնպիսի նախագծերի պորտֆել, որոնք ունակ էին լինելու ռեսուրսներն ուղղորդելու այնպես, որ աշխատեցնեն բարգավաճման լծակները՝ միաժամանակ միավորելով մեր մասնատված ազգը: Մենք նպատակ ունեինք այս կերպ ճանաչելու միմյանց՝ հասնելով լայնածավալ ու բազմանպատակ փոփոխության: Հղացել էինք տարբեր ոլորտների նախագծեր՝ բոլորը փոխկապակցված փոփոխությունների մեկ համակարգով, որը կարող էր առավելագույնի հասցնել սոցիալ-տնտեսական ներգործությունը: Այդ մոտեցումը լինելու էր զարգացման հասնելու ամբողջական և երբեմն անուղղակի թվացող միջոց:

Նման բազմաչափ ու բազմանպատակ ծրագրավորումը մեզ օգնելու էր կտրվելու զարգացման այն մոդելներից, որոնք ապահովում են միայն մակերեսային զարգացման ձեռքբերումներ և ցնցումների հանդեպ դիմացկուն չեն: Հայերը պասիվ կերպով սոսկ սահմանափակ աշխատատեղեր չէին ստանա, որոնք առաջացել էին, ասենք, նոր գործարանի ստեղծման շնորհիվ, այլ տարբեր ոլորտների հայերի համար կստեղծվեին բազմաթիվ տարբեր հնարավորությունների առաջացման պայմաններ՝ որպես զարգացման դինամիկ գործընթացի ակտիվ մասնակիցներ տնտեսական կյանքով զբաղվելու համար: Որքան էլ դրանք թիրախավորված լինեին առանձին ոլորտներում և շրջաններում, նման հնարավորությունները չպետք է սահմանափակվեին աշխարհագրորեն: Պլանավորման մեջ ներառվելու էր ոլորտների, տարածքների և շահագրգիռ կողմերի միջև փոխազդեցությունը:

Փորձելով առաջ տանել այս տեսլականը՝ մենք կառավարությունը ճանաչեցինք հիմնական շահագրգիռ կողմ: Դա մեզ դրդեց հաստատելու Հայաստանի առաջին պետություն-մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ), որի միջոցով առաջ մղեցինք «Հայաստան 2020»-ի շուրջ հավաքված նախագծերի մեր պորտֆելը: Վաղ տարիներին առաջացած այդ կազմակերպչական մարտահրավերները մեր առաջին հիմնական դասը եղան. այն ժամանակ պետություն-մասնավոր գործընկերությունը արդյունավետ գործիք չեղավ՝ պետական իշխանության ինստիտուցիոնալ ուժը կամ մասնավորի ճկունությունը առավելագույնս գործադրելու համար։

Եվ այսպես, ձեռքին պորտֆելը և մտքի մեջ տեսլականը՝ սկսվեց մեր ոդիսականի հաջորդ փուլը…

Համաշխարհային ցանցի հանգուցային կենտրոնները

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ